«Փայլուն» է գնահատում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրություններում իրենց շանսերը:
«Այսօր հայ ժողովրդի 90 տոկոսը ընդդիմություն է, եթե չասենք ավելին, և այդ 90 տոկոսի շահերը սպասարկում են տարբեր հասարակական-քաղաքական կառույցներ:
Յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ներկայացնելու է իր մոտեցումը, իր ծրագիրը, և հասարակությունը կկատարի ընտրություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը: Խոսելով ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին, Արթուր Բաղդասարյանն ասաց, թե ինքը ողջունում է քաղաքական համախմբման յուրաքանչյուր փորձ: «Մենք մշտապես բանակցային գործընթացների մեջ ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, և մեզ համար կարևոր է, որ, իսկապես, առաջիկա համապետական ընտրություններում հնարավորինս լայն քաղաքական կոնսոլիդացիա լինի»,- նշեց Ա. Բաղդասարյանը: Նա հավելեց, որ դեռ չեն որոշել, թե ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին, նշելով, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության դուռը բաց է առողջ համագործակցության համար: Բաղդասարյանն ասաց, որ իր կուսակցությունում նոր մարդիկ կան, նոր անուններ կան, հին մարդիկ ևս կան, հին առաջնորդներ էլ կան:
«Հասարակությունը բոլորին ճանաչում է, և հասարակությունը պետք է տեսնի քաղաքական ուժերին և տա իր գնահատականը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: